Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 1,35-51.
Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը։
Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»։
Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից։
Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»։
Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»։ Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր։
Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից։
Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս)։
Սա նրան տարաւ Յիսուսի մօտ։ Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս)։
Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»։
Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից։
Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»։
Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»։
Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»։
Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»։
Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»։
Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»։
Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»։