Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 8,1-9.
Ապա ամէն ոք իր տունը գնաց։ Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը։
Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց։
Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին.
«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է,
իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր։
Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»։
Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր։
Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը։ Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։