Ղուկաս Աւետարանիչին գրած Աւետարանը 10,1-12.
Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։
Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։
Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ։
Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք։
Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը».
եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ։
Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք։
Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։
Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»։
Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք.
«Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»։
Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։