Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 4,24-42.
Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։
Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»։
Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։
Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ։
Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց.
«Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»։
Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ։
Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։
Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»։
Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել։
Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը։
Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար։
Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան։
Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը։
Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»։
Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի։
Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր։
Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար.
եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»։