Մատթէոս Աւետարանիչին գրած Աւետարանը 10,16-23.
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։
Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում.
ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։
Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք.
քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։
Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։
Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի։
Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։