Ղուկաս Աւետարանիչին գրած Աւետարանը 14,1-11.
Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ։
Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.
եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք։
Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»։
Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։
Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։
Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։
Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»։
Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր։
Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ։ Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը։
Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ։