Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 6,45-58.
Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ։
Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը։
Ես եմ կենաց հացը։
Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։
Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած.
թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։
Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։
Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։
Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ,
քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։
Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ։
Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով։