Ղուկաս Աւետարանիչին գրած Աւետարանը 21,10-19.
Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։
Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով։
Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց։
Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք։ Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է։
Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը։
Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։
Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։
Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։
Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»։