Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 8,1-9.
Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին։ Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց.
«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն։
Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»։
Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։
Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը։
Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։
Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։
Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին։