Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 12,18-27.
Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում.
«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։
Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց.
եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց։ Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը։
Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը։
Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»։
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը.
որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են։
Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։
Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»։