Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 21,1-14.
Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս.
միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի։
Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին։
Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է։
Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։
Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»։ Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել։
Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մէջ։
Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։
Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց։
Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։
Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով։
Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց։
Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք։ Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է։
Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը։