Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 13,21-33.36-38.
րբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»։
Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում։
Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ։
Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում։
Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»։
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային։
Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ։ Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»։
Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց.
որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին։
Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ։ Եւ գիշեր էր…
Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով,
քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան։
Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, – այժմ այդ ձեզ էլ եմ ասում։
Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»։
Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»։
Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»։